"Գրանդ Քենդի" ընկերությունն այսօր Հայաստանի սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունն է: Այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին, Հրանտ Վարդանյանի կողմից։

Առաջինը գործարկվել է կարամելի, ապա՝ կոնֆետի արտադրամասերը: Այդ երկու արտադրամասերում արտադրվում էր 100 անվանում հրուշակեղեն: 2000 թվականին "Գրանդ Քենդի" ընկերությունում աշխատում էր ընդամենը 600 մարդ: Արտադրության և վաճառքի ծավալները տարեցտարի ավելացնելով՝ "Գրանդ Քենդին" այսօր զբաղեցնում է Հայաստանի հրուշակեղենի շուկայի 40 տոկոսից ավելին: Լավ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցնել շուկայում` սպառողներին ներկայացնելով արդեն իսկ հայտնի ավանդական, ինչպես նաև տեղական շուկայի համար միանգամայն նոր արտադրատեսակներ:

Այժմ "Գրանդ Քենդի" ընկերությունն արտադրում է ավելի քան 400 անուն ապրանքատեսակ: "Գրանդ Քենդին" միակ գործարանն է Անդրկովկասում, որն զբաղվում է կակաո հատիկավորի մշակմամբ:

Հրուշակեղենի առաքումն իրականցվում է 270 բեռնատար ավտոմեքենաներով սեփական մանրա-մեծածախ ցանցով, Հայաստանի Հանրապետության 8 շրջաններում տեղակայված բազաներով, 29 ֆիրմային խանութներով՝ այսպիսով սպասարկելով ցանցային, մեծածախ և մանրածախ սննդի առևտրով զբաղվող 8.450 կետ: Այսօր "Գրանդ Քենդին" անմիջականորեն մատակարարում է Հայաստանի առևտրի կետերից 99.9 տոկոսին:

"Գրանդ Քենդի" ընկերության արտադրությունը հավաստագրված է ISO 9001:2008 որակի կառավարման և ISO 22000:2005 սննդի ապահովության կառավարման չափանիշներով: "Գրանդ Քենդի" ընկերության արտադրանքի առավելությունն ու բարձր որակի գրավականը բացառապես բնական հումքն է, ինչպես օրինակ՝ կակաո մթերքը և կաթնամթերքը, ընկուզեղենը և թարմ մրգերից պատրաստված կիսաֆաբրիկատները: Չնայած այս հումքատեսակների բարձր գնին՝ ընկերությունը բացառում է փոխարինող նյութերի և արտադրության մեջ արհեստական հավելումների օգտագործումը: "Գրանդ Քենդիի" գերակա խնդիրը հաճախորդների առողջությունն է: Դա է պատճառը, որ արտադրության մեջ օգտագործվող բոլոր բաղադրամասերը մանրազնին ստուգման են ենթարկվում նրա կենտրոնական լաբորատորիայում, որը հավատարմագրված է ISO 17025 ստանդարտի համաձայն, իսկ ձեռնարկության որակի վերահսկողության բաժինն ապահովում է արտադրանքի բարձր և կայուն որակը:

2001 թվականին, իտալական հոսքագծերով զինված, "Գրանդ Քենդին" իր սպառողներին ներկայացել է նաև պաղպաղակի արտադրությամբ:

2006 թվականին "Գրանդ Քենդին" հիմնել է գոֆրոստվարաթղթե արկղերի սեփական արտադրությունը:

2007 թվականին ընկերությունը հիմնադրվել է գերմանական սարքավորումներով զինված օֆսեթ տպագրություն իրականացնող տպարանը:

2008 թվականին հիմնադրել է սուրճի` ժամանակակից տեխնոլոգիաներով և իտալական սարքավորումներով հագեցած արտադրությունը: Դրա համար որպես հումք օգտագործվում են "արաբիկա" և "ռոբուստա" սուրճերի ամենաբարձրորակ տեսակները:

2010 թվականին "Գրանդ Քենդին" սկսել է արտադրել խմորեղեն, որը միանգամից սպառողների բարձր գնահատականին է արժանացել: Առաջին անգամ Հայաստանում հնարավոր է դարձել արտադրական պայմաններում "տնական" խմորեղեն պատրաստել:

2012 թվականին "Գրանդ Քենդին" ձեռնամուխ է եղել ալյուրի արտադրության: Եվրոպական նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների շնորհիվ ընկերությունն այսօր լավագույն որակական հատկանիշներ ունեցող ալյուր է արտադրում:

2016 թվականին ընկերությունում շահագործման է հանձնվել գերմանական գերժամանակակից սարքավորումներով հագեցած ֆլեքսոգրաֆիկ տպագրություն իրականացնող տպարանը:

Սարքավորումների պարբերական թարմացումը և նոր տեխնոլոգիաների ներդրումը ընկերությանը հնարավորություն է ընձեռում շուկայի փոփոխություններին արագորեն արձագանքելու և առաջատարի դիրքերը պահպանելու:

2010 թվականի սեպտեմբերի 10-ին "Գրանդ Քենդի" ընկերությունը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել` "Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ" անվանակարգում, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Սա Հայաստանի առաջին արդյունաբերական ռեկորդն է:

2000 թվականին սկսվել է "Գրանդ Քենդի" ընկերության ֆիրմային խանութների ցանցի ստեղծումը. դրանցից առաջինը "Պոնչիկանոցն" է: Այսօր ՀՀ տարածքում գործում են 29 ֆիրմային խանութներ, որոնցից 21-ը, ներառյալ 10 խանութ-սրճարանները, Երևանում են գտնվում:

"Գրանդ Քենդին" առանձնանում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ համախմբված հմուտ աշխատակազմ է ձևավորվել: "Գրանդ Քենդին" այսօր տեղական արտադրության ոլորտում Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գործատուն է և 3200 աշխատակից ունի: Նրա ողջ անձնակազմը, սեփականատիրոջից մինչև շարքային աշխատող, առաջնորդվում է մեկ կարգախոսով՝ "Մեր որակը մեր հպարտությունն է":